Սեպտեմբերի 15-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմի հայկական սահմանամերձ Կոթի գյուղի գնդակոծության հետեւանքով գյուղի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը ոտքից վիրավորվեց: NEWS.am-ի թղթակիցներն այցելել են Կոթի եւ զրուցել տուժածի ընտանիքի հետ:

Սեփխանյանների տունն ամենեւին էլ գյուղի հեռավոր անկյունում չէ: Տան պատշգամբից դեպի գյուղ եւ դիմացի բլուրը հրաշալի տեսարան է բացվում: Միայն թե տեսարանի հմայքը տան բնակիչներին հրճվանք չի պատճառում. բլուրների վրա ադրբեջանական դիրքերն են, որոնցից կանոնավորապես կրակոցներ են արձակում գյուղի ուղղությամբ:

Սուրենի տիկինը՝ մոխրագույն աչքերով գեղեցիկ կին, պատմեց, որ չարաբաստիկ երեկոյան ամուսինը գնացել էր ընկերներին տեսնելու: «Կեսգիշերին մոտ սկսվեց գնդակոծությունը: Ավելի ուշ իմացա, որ տղամարդիկ թաքնվել են խանութում՝ սպասելով կրակահերթի ավարտին: Երբ այն վերջացել է, բոլորը սկսել են ցրվել տներով: Սուրենը նույնպես դուրս է եկել, եւ հանկարծ նորից կրակոցներ են հնչել, ամուսինս ոտքից վիրավորվել է»,- պատմեց տիկին Ասյան:

Տուժածն ինքն է զանգահարել կնոջը, ասել, որ ընկերներն իրեն հիվանդանոց են տանում: Ավելի ուշ հարազատները որոշել են ընտանիքի հորը Երեւան փոխադրել: Մայրաքաղաքում վիրավոր կոթեցուն այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կրակոցները կանոնավոր բնույթ են կրում, հատկապես վերջին շրջանում դրանք հաճախակի են դարձել: Ես ամուսնացա՝ կրակում էին, թոռնուհիս ծնվեց՝ կրակում են»,- գլխով փոքրիկի կողմը ցույց տալով՝ ասում է տիկին Ասյան:

Նշենք, որ հակառակորդի կողմից գնդակոծության հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձինք հավասարեցված են Հայրենիքի պաշտպաններին: Արդյունքում, պետությունը՝ առողջապահության եւ սոցապահովության նախարարություններն աջակցում են այս քաղաքացիների բուժմանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի