Կառավարությունում այսօր՝ փետրվարի 9-ին կայացել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը զեկուցել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքների մասին, որոնք հաստատվել են խորհրդի անդամների կողմից: Մեկ այլ հարցով հաստատվել է նաեւ Աուդիտորի ընտրության գնահատման հանձնաժողովի կողմից կազմված կարճ ցուցակը:

Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Ագարակ եւ Ուջան բնակավայրերով անցնող հատվածների ծրագրի նախագիծը: