ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի նիստում որոշեց ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզպետարաններին 421,2 մլն դրամի սուբվենցիա հատկացնել:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ առաջարկվում է ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզպետարաններին 2018-ի ինն ամսում հատկացնել 421,2 մլն դրամ:
«Նախագծով 23 համայնքների կողմից սահմանված կարգով անցկացվել է 33 ծրագրերի գնումների գործընթաց եւ մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են արդյունքները: Ծրագրով նախատեսվում է 911 մլն դրամ, որից կառավարության ֆինանսավորման մասը կազմում է 421,2 մլն դրամ»,-ասաց նա:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ արժե նկարագրել ծրագրերի բնույթը, որ մյուս համայնքները եւս տեղեկանան եւ կառավարության առաջնահերթություններից ելնելով այդպիսի ծրագրեր առաջարկեն:
«Ներկայացվում են զանազան ծրագրեր, կառավարությունն առաջնահերթությունը տալիս է ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ լավ կլիներ, որ միջոցները բավարարեին նաեւ, օրինակ, գերեզմանոցների ցանկապատմանը, բայց մեր շատ սիրելի համայնքի ղեկավարները պետք է իմանան, որ ավելի շատ ենթակառուցվածքների վերաբերյալ պետք է ծրագրեր ներկայացվեն»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:



























