Ավտոճանապարհով ցորենի տեղափոխման արգելքի վերաբերյալ որոշումը, ամենայն հավանականությամբ, հետաձգվելու է մինչեւ 2019թ. հոկտեմբերի 1–ը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

«Երեկ եմ խոսել ենթակառուցվածքների նախարարի հետ եւ հավաստիացրին, որ 95 տոկոսով կընդունվի որոշում, որ մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 1–ը կհետաձգվի։ Մենք պետք է այլընտրանքներ փնտրենք, պետք է քննարկել նաեւ Իրանով բերելու տարբերակը»,– ասաց Աշոտ Հակոբյանը։

Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն ավելի ուշ որոշումը հետաձգել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը, ինչի հետեւանքով կարող է Հայաստանում թանկանալ ցորենը եւ հացը:

Փոխադրումները  պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։