Գարեգին Բ Կաթողիկոսը փետրվարի 9-ին ընդունել է Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին եւ ընդգծել գյուղացիների հոգսի թեթեւացման անհրաժեշտությունը, որպեսզի գյուղական վայրերի բնակիչները կապված մնան հայրենի հողին, չլքեն իրենց օջախները` արտագնա աշխատանք փնտրելով օտար երկրներում:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն հերթին ներկայացրել է առաջիկա ծրագրերը եւ ձեռնարկվելիք այն քայլերը, որոնցով հնարավոր կլինի փուլ առ փուլ լուծել ոլորտի խնդիրները:

Գարեգին Բ-ն ու նախարարը քննարկել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նախարարության միջեւ համագործակցության ուղիները: Կաթողիկոսը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ է նշանակել` համագործակցության առավել արդյունավետ կազմակերպման համար: