Սեպտեմբերի 26-ին Բջնի գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը դեռ չի մարվեր:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբեր 26-ին, ժամը 11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում:
Ժամը 11:13-ին կապ էր հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել էր, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է իրենց կողմից: Ժամը 11:16-ին տեղեկություն էր հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայրում 19 հրշեջ-փրկարար եւ Արզականի անտառտնտեսության 14 աշխատակից իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 22:11-ին: Այրվել են 10 հա բուսածածկույթ եւ 2 հա անտառածածկ տարածք:
Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն էր հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ:




























