ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվեցին նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության միջին եւ առաջատար խմբի պաշտոնները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Ա. Մխոյանը մաղթեց արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետեւե՛ք ավագ եւ փորձառու գործընկերներին. նրանցից միշտ էլ կարող եք սովորել, վերցնել լավագույնը: Այսօրվանից ձեզ վրա դրված են նոր պարտականություններ, որոնք պետք է հաղթահարեք պատվով եւ արժանապատվությամբ»,- ասաց ծառայության պետը՝ կոչ անելով նաեւ աչալուրջ լինել արատավոր բոլոր երեւույթների դեմ պայքարում, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու անունը:




























