ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այց են կատարել  Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար  Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բուհում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին: Նախարարին ներկայացվել է գինու  քիմիական եւ ուսումնական լաբորատորիան եւ համտեսի սրահը, որոնք կահավորվել եւ տեխնիկապես  վերազինվել են   Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (CIZ)  կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակում` գերմանական կողմի ֆինանսավորմամբ:

Նախարարը շրջել է նաեւ համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ ուսուցման  միջազգային կենտրոնում եւ նույն մասնաշենքում տեղակայվոծ  Գինու ակադեմիայում: Ռեկտորի պաշտոնակատար  Վ. Ուռուտյանը նախարարին ներկայացրել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ ուսուցման  միջազգային կենտրոնում իրականացվող կրթական ծրագիրը,  որի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հետ: Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ ուսուցման կենտրոնում գործում են  մագիստրոսական (MAB)  եւ բակալավրիական կրթական ծրագրեր, որոնք  տարածաշրջանում եզակի անգլալեզու բարձրագույն կրթական  ծրագրերն  են ագրոբիզնեսի տնտեսագիտության բնագավառում:

Ռեկտորի պաշտոնակատարի տեղեկացմամբ` թե բակալավրիատի եւ թե մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանները արեւմտյան կառուցվածք ունեն եւ հիմնված են Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցման կենտրոնում  շրջելու ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրվել, թե շրջանավարտները որքանով են մրցունակ աշխատաշուկայում: Կենտրոնի պատասխանատուների հավաստամամբ` Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության միջազգային ծրագրի շրջանավարտների 95 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ` ստանալով համեմատաբար բարձր վարձատրություն:

Ռեկտորի պաշտոնակատարը նախարարին հակիրճ ներկայացրել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի զարգացման  ծրագիրը եւ մոտ ապագայում նախատեսվող նախաձեռնությունները: