Սպիտակ տունը փոխել է Վարդագույն այգում լրագրողների հետ Թրամփի հանդիպման սղագրությունն այն բանից հետո, երբ նախագահը վիրավորանքներով հարձակվել է ABC News հեռուստաալիքի լրագրողուհու վրա՝ տեղեկացնում է Huffington Post-ը։

Այնուամենայնիվ, նրա խոսքերը նաեւ տեսագրվել են։ Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը, խոսք տալով ABC News-ի թղթակից Սեսիլիա Վեգային եւ չթողնելով, որ նա հարցն իրեն ուղղի, միանգամից ասել է․ «Նա շոկի մեջ է, որ ես իրեն եմ ընտրել։ Նա շոկի մեջ է»։ Դրանից հետո թղթակիցը պատասխանել է, թե ինքը զարմացած չէ, ինչին Թրամփն արձագանքել է․ «Ամեն ինչ կարգին է։ Ես գիտեմ, որ դուք չեք մտածում։ Դուք դա երբեք չեք անում»։

HuffPost-ը նշել է, որ սղագրության մեջ thinking (մտածել) բառը փոխարինվել է thanking-ի (շնորհակալ)։ Այսինք ն ստացվել է. «Ես գիտեմ, որ դուք շնորհակալություն չեք հայտնում։ Դուք երբեք շնորհակալություն չեք հայտնում»։

Աղբյուրը նաեւ նշել է, որ Թրամփը հրաժարվել է պատասխանել Գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Քավանոյի սեռական ոտնձգություններին վերաբերող ՀԴԲ-ի հետաքննության մասին հարցին, քանի որ ուզում էր խոսել Կանադայի եւ Մեքսիկայի հետ նոր համաձայնագրից։