Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբբը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին առաջարկել է գնալ Հյուսիսային  բեւեռ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Եկեք պայմանավորվենք, որ երկու ամիս հետո փոքրիկ էքսկուրսիայի գնանք»,- ասել է Ստուբբը:

Չիլինգարովը նախարարի առաջարկած երթուղին անհնար է համարել, սակայն ընդգծել է, որ մոտ ժամանակներս նման էքսկուրսիա կարելի է կազմակերպել։ Պատգամավորի խոսքով, դահուկներով կարելի է անցնել շուրջ 60 կմ տարածություն։

Չիլինգարովը հայտնի բեւեռախույզ է։ 2007 թվականին նա անձամբ է ղեկավարել «Միր-1» եւ «Միր-2» սարքերի սուզումը օվկիանոս, ուր տեղադրվել էր Ռուսաստանի տիտանե դրոշը: