Հաագայի մեղադրանքները Ռուսաստանի քաղաքացիների հասցեին, ովքեր իբր փորձել են հաքերային հարձակում գործել ՔԶԱԿ-ի վրա «հերթական բեմականացված քարոզչական ակցիան» է Ռուսաստանի հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտգործնախարարությունը նաեւ հայտարարել է, թե Հաագան մոտ 6 ամիս սպասել է, որ հրապարակի երկրից վտարված չորս ռուսաստանցիների մասին, որպեսզի այդ «բացահայտումը» համատեղի ՔԶԱԿ-ի նիստի բացման հետ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Հասկանալի չէ՝ ում համար են նախատեսված հայտարարությունները, որոնցում Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են ՔԶԱԿ-ի վրա կիբեռհարձակումների եւ մալայզիական МН17 չվերթի կործանման հետաքննության տվյալներ ստանալու փորձերի մեջ, կարծես դրա համար անհրաժեշտ է գտնվել «հարձակման օբյեկտի» կողքին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Այնտեղ համարել են, որ ռուսական հաքերների մասին Արեւմուտքում շրջանառվող կարծիքները նման են պարանոյայի։ Ըստ նրանց՝ «ռուսական ամենակարող կիբեռլրտեսները», որոնք արեւմտյան տամաբանությամբ ապրում են «հետամնաց Ռուսաստանում», առասպելական հնարավորություններ ունեն, եւ երկրի յուրաքանչյուր քաղաքացի, ով «ձեռքին բջջային սարք ունի, ընդունվում է որպես լրտես»։




























