Հնդկաստանը կարող է բախվել ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, եթե Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքի 5 մլրդ դոլարի սպառազինության ձեռքբերման մասին, ինչը, վերլուծաբանների կարծիքով, ավելի մեծ գլխացավանք է Վաշինգթոնի, քան Դելիի համար, հայտնում է CNN-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախատեսում է հոկտեմբերի 5-ին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվող հարցերի թվում է Հնդկաստանի կողմից Ս-400 ԶՀՀ-ի հնարավոր գնումը: Գործարքը, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է ստորագրվել հանդիպման ժամանակ, կարող է Հնդկաստանին դարձնել ԱՄՆ պատժամիջոցների թիրախը՝ ըստ օրենքի, որը հայտնի է որպես «Պատժամիջոցների մասին օրենքով հակազդեցություն ամերիկյան հակառակորդներին» (CAATSA): Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած օրենքը կոչված է «իր չարամիտ գործողությունների համար» Մոսկվային պատժելուն: Անցյալ ամիս ԱՄՆ-ն CAATSA-ի համաձայն պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի դեմ ռուսական ռազմական տեխնիկա գնելու համար:
Սակայն եթե Չինաստանը մրցակից է համարվում, Հնդկաստանը դիտարկվում է որպես ԱՄՆ կարեւոր ռազմավարական դաշնակից: Պենտագոնի ներկայացուցիչները քիչ ջանքեր չեն ներդրել մի շարք ոլորտներում Դելիի հետ համագործակցությունն ընդլայնելու համար՝ Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում չինական ռազմական էքսպանսիայի պատճառով ընդհանուր մտահոգության ֆոնին:
Հնդկաստանի կողմից ռուսական սպառազինության համակարգերի գնումը Թրամփի վարչակազմին, փաստորեն, կստիպի ընտրություն կատարել Դելիին պատժելու կամ երկրին ազատություն տալու, կամ պատժամիջոցների մեղմացման միջեւ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ին կմեղադրեն ֆավորիտիզմի մեջ:




























