Շաբաթ՝ հոկտեմբերի 6-ին, Ռումինիայում մեկնարկել է երկօրյա հանրաքվեն սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու մասին՝ կապված ամուսնության սահմանման հետ, փոխանցում է «Գերմանական ալիքը»: 

Ներկայումս Հիմնական օրենքում այն ամրագրված է գենդերապես չեզոք՝ որպես «ամուսինների միջեւ միություն»:

Հանրաքվեն նախաձեռնողները՝ պահպանողական «Կոլաիցիա հանուն ընտանիքի»-ն եւ մի շարք այլ խմբեր, որ մոտ են ուղղափառ եկեղեցուն, պնդում են, որ ձեւակերպումը փոխվի «տղամարդու եւ կնոջ միջեւ միություն» ձեւակերպմամբ:

Ակնկալվում է, որ համապատասխան փոփոխությունները կատարելու դեպքում երկրում լրջորեն կդժվարանա նույնասեռական ամուսնությունների օրինականացման գործընթացը:

Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է, որ մասնակցությունը կազմի Ռումինիայի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ոչ պակաս, քան 30 տոկոսը: Երկում կա գրեթե 19 մլն ընտրող:

Իրավապաշտպանները եւ Եվրախորհրդարանի մի ամբողջ շարք պատգամավորներ նախաձեռնությունը խիստ քննադատության են ենթարկել: Նրանք դրա մեջ մարդու իրավունքների ստանդարտների խախտում են նկատել, որոնք ԵՄ-ում պարտադիր են համարվում:

Նախաձեռնության հեղինակները հանրաքվեն անցկացնելու օգտին շուրջ 3 մլն ստորագրություն էին հավաքել:

Ռումինիայում նույնասեռականությունը երկար ժամանակ արգելված էր, սակայն 2000 թվականին Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ճնշմամբ այն օրինականացվեց: Այդ ժամանակ Ռումինիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով արգելվում էր կյանքի տարբեր ոլորտներում սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը: Երկրում նույնասեռական ամուսնությունները չեն գրանցվում: