Վրաստանում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է ներկայացրել Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական վթարի վերաբերյալ:
Դեսպանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանություն են դիմել հոկտեմբերի 8-ին մահացած քաղաքացի Սամվել Գեւորգյանի բարեկամները։
Վրաստանում ՀՀ հյուպատոսը նրանց տրամադրել է իրավաբանի հեռախոսահամար եւ նշել, որ իրավաբանն անվճար (դեսպանության հաշվին) կկատարի խորհրդատվական ցանկացած աշխատանք փաստաթղթային հարցերն արագ լուծելու համար, բացի այդ նրանց տրամադրվել է գործով զբաղվող քննիչի տվյալները։
Ապա դրա մասին տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով բարեկամներին հրավիրել է դեսպանություն՝ նրանց հետ հանդիպելու եւ ցանկացած հարցով օգնելու համար, սակայն բարեկամներն այդպես էլ չեն ժամանել դեսպանություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. Երեւան քաղաքի բնակիչ Սամվել Գեւորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանից դեպի Երեւան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի եւ մոտ 15 մետր գլորվել ձորը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել եւ մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Աղբյուրի տեղեկություններով Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գեւորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում եւ չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:




























