Հայաստանում հեղափոխական գործընթացների զարգացմանը չի հերիքում միայն քաղաքական հարմար պահը, մնացած բոլոր նախապայմաններն առկա են։ Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը։

«Ընդ որում, հեղափոխության հիմք մեր երկրում կարող են դառնալ սոցիալական բողոքը, ժողովրդավարության բացակայությունը, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը։ Անարդարության աղաղակող կոչերը, ժողովրդի ցասումը մի օր մարդկանց փողոց են դուրս բերելու։ Միայն ընդդիմությունը պետք է որսա հարմար պահը՝ ոչ շտապելով, ոչ էլ ժամանակից հետ ընկնելով»,- ընդգծեց Կարապետյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ երկրում առկա վիճակը գնալով բարդանում է։ Նա ուզում է հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞, որպեսզի այստեղ չկրկնվեն արաբական աշխարհի իրադարձությունները»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան հարաբերություններին՝ Կարապետյանը նկատեց, որ նրանց միջեւ լարվածությունը զուտ տնտեսական է։ «Ինչ վերաբերում է նախագահական ընտրություներին Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցին, ապա եթե Պուտինն առաջադրվի Ռուսաստանում, Քոչարյանն էլ Հայաստանում կառաջադրվի։ Կհամարի՞ Պուտինը, որ վեց տարի դեռ պետք  է սատարի Մեդվեդեին, Քոչարյանն էլ կորոշի սատարել Սարգսյանին»,- ասաց Կարապետյանը միաժամանակ ավելացնելով. «Կասկածից վեր է, որ Քոչարյանի քաղաքական տանիքը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է։ Իսկ հայաստանյան ընդդիմությունը քաղաքական տանիք չունի։ Ես ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ չունենք»,- ավարտեց նա։