Օրերս տեղեկություններ հրապարակվեցին մամուլում, թե Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ժողով է արել ու պրոֆեսորա-դասախոսական կազմին խոստացել բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի կաշառք չվերցնեն նույնիսկ ստիպել է երդվել, որ դրանից հետո կաշառք չեն վերցնելու: Այս ու այլ թեմաների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ռուբեն Միրզախանյանի հետ:
Պարոն Միրզախանյան, օրերս հրապարակում եղավ, թե ժողով եք արել պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ ու ասել, որ աշխատավարձերը բարձացնելու եք, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն: Նույնիսկ ստիպել եք, որ երդվեն: Այդպե՞ս է:
Մեզ մոտ աշխատավարձերը ենթադրում ենք բարձրացնել մարտ ամսից: Դոկտոր պրոֆեսորների աշխատավարձը երեւի կբարձրանա միանգամից 40 տոկոսով, իսկ մնացյալ աշխատողներինը՝ յուրաքանչյուր ամիս 10-ական տոկոսով՝ մինչեւ հասնի 40 տոկոսի: Ինչ վերաբերվում է Ձեր հարցադրմանը, ես կարծում եմ, որ նյութական վիճակը եթե ավելի բարելավվի նման տեսակի երեւույթները կսահմանափակվեն: Ընդհանուր առմամբ, նեգատիվ երեւույթները 100 տոկոսով վերացնելու առումով կա երկու հանգամանք, նախ պետք է դասախոսական աշխատանքի հրավիրել բարձրորակ, գիտական աշխարհում ճանաչում ունեցող մասնագետների, ինչի ուղղությամբ գործնականում հաջողություններ ունենք, երկրորդը՝ սեմեստրից դասավանդելու են գիտության ակադեմիայի իսկական անդամներ, որոնք նախապես մանկավարժական համալսարանում դասախոսական աշխատանքի չեն եղել, ինչպես նաեւ պրֆեսորներ, որոնք տարբեր ասպարեզներում բավականին ճանաչված են: Մեր մոտեցումն այն է, որ նման մասնագետներից այդպիսի երեւույթներ սպասելը ավելի քիչ հավանական է:
Այսինքն, ակադեմիայի իսկական անդամներին աշխատանքի հրավիրելով կոռուպցիայի դե՞մ եք պայքարում, ոչ թե ցածր կրթամակարադակի:
Չէ, չէ: Սա հետեւություն է, որին ես համամիտ չեմ: Նախ եւ առաջ աշխատավարձերի բարձացումը նպատակ ունի բարձրացնել կրթամակարդակը, բայց եկեք համաձայնեք, որ կոռուպցիոն դրեւորումների կրճատումը կամ վերացումը ուղղակիորեն կապված է կրթամակարդակի բարձրացման հետ: Իհարկե, կրթամակարդակի բարձացումը որակյալ կադրերի ներգրավումն է եւ անշուշտ նաեւ դրա հետ մեկտեղ Ձեր կողմից նշված երեւույթի նվազմանը նպաստում է:
Այո մենք գտնում ենք, որ պետք է դասախոսները, պրոֆեսորները ունենան հնարավորին չափ արժանապատիվ կյանքին վայել աշխատավարձ:
Իսկ Դուք միջոցներ ունե՞ք, հատկապես, որ այս տարի շրջանավարտների բացակայության պատճառով այլ բուհերում ֆինանսեր հայայթելու ելքեր են փնտրում: Դուք ինչի՞ հաշվին եք ավելացնում աշխատավարձերը:
Ձեր հարցի մեջ կա նաեւ պատասխան, ես հավաստիացնում եմ, որ այդ միջոցները այլ կազմակերպություններից չենք վերցնում: Իհարկե, դա բարձրագույն ուսումնական հաստատության նյութական հնարավորությունն է: Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե բյուջեն ինչպես է բաշխվում եւ որոնք են առաջնահերթությունները:
Վերջերս վարչապետն ընտրվեց մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ: Ի՞նչ հույսեր եք կապում վարչապետի հետ: Ազդեցություն կունենա՞ անձի ընտրությունը բուհի կրթական մակարդակի բարձացման առումով:
Ես համոզված եմ, որ դա ունի եւ կունենա իր դրական նշանակությունը,որովհետեւ երկրի վարչապետը երբ ստանձնում է խորհրդի նախագահի պարտականությունները, դա ինձ թվում է բավականին գործնական քայլ է, մեկ անգամ եւս ընդգծելու մանկավարժական կրթության կարեւորությունը մեր կրթահամակարգում: Դա ցույց է տալիս, որ կրթությունն իշխանությունը կարեւորում է:
Պարոն Միրզախանյան, մանկարվարժականի կոռումպացվածությունից ավելի շատ է խոսվում: Նույնիսկ փոխնախարարն է ասել, որ մնացորդային բուհ է: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ երբեմնի հեղինակություն վայելող բուհն այդպիսին դարձավ:
Ձեր որակումները ավելի շատ օգտագործվում են անցյալ ժամանակի մեջ:
Այսինքն, Ձեր գալուց հետո, վերացե՞լ են այդ երեւույթները:
Եթե որեւիցէ հաջողություն կամ քայլ արձանագրվում է, իմ կարծիքով դա կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Իհարկե, թող ավելորդ համեստություն չլինի, բնական է՝ ղեկավարից կարող է կախված լինել մի քիչ ավելի շատ:





























