Բնապապահպանների վրդովմունքն է առաջացրել Հայաստանի կառավարության որոշումը` գայլ սպանելու համար 100 հազար դրամ պարգեւատրելու մասին: «Մեր երկրի սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում, երբ ամեն մի գայլի համար կառավարությունը 100 հազար դրամ է խոստանում, գայլերի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողության սահմաններից»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Բնապահպանի կարծիքով՝ համայնքներին օգնելու համար լավ կլիներ տեղի բնակիչներին զինել հրացաններով, որպեսզի իրենք պաշտպանվեին համայնքի վրա հարձակվող կենդանիներից, այլ ոչ թե պարգեւավճար սահմանեին որսորդների համար, ինչը կարող է հանգեցնել գայլերի պոպուլյացիայի ոչնչացմանը:
Գայլերն անտառների եւ շրջակա միջավայրի սանիտարներն են: Նրանք որսում են թույլ առանձնյակների եւ մաքրում են տվյալ պոպուլյացիան թույլ եւ հիվանդ կենդանիներից` բնության մեջ կարգավորելով այդ տեսակի պոպուլյացիայի հավասարակշռությունը: Ինչպես նաեւ գայլերը սնվում են նոր սատկած կենդանիների լեշերով:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց բնապահպանության նախարարության մշակած գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը: Նպատակը գայլերի թվաքանակի կարգավորումն է եւ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը: Պարգեւատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար 2011 թվականի առաջին եռամսյակում կառավարության պահուստային ֆոնդից բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ:
«Անտրոպոգեն գործոնի պատճառով գայլերը կորցրել են իրենց բնադրավայրերը, կեր հայթայթելու հնարավորությունները, եւ սա է պատճառը, որ նրանք հարձակվում են բնակավայրերի վրա, իսկ մենք փորձում ենք նման մեթոդներով մեր իսկ արած հանցագործությունները բարդել կենդանիների վրա: Առանց այն էլ մեր ժողովուրդը անխնա եւ բարբարոս վերաբերմունք ունի մեր կենդանական աշխարհի հանդեպ, հիմա էլ դա մենք փորձում ենք խրախուսել գումարներով»,- ասաց Սիլվա Ադամյանը։




























