ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթին առաջարկել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, Twitter-ում հայտնել է Fox News-ի թղթակից Ջոն Ռոբերթսը: Նրա խոսքով՝ Նաուերթի նշանակման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ ABC News-ի՝ առայժմ հայտնի չէ նա արդյոք ընդունել է առաջարկը:
Ինքը՝ Թրամփը հաստատել է, որ Հիզեր Նաուերթը մտնում է այն թեկնածուների թվում, որոնք կդիտարկվեն ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: «Նա հոյակապ է: Նա երկար ժամանակ մեզ հետ է եղել (ԱՄՆ վարչակազմում)»,- AP-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
The Wall Street Journal-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահը մշտական ներկայացուցչի պաշտոնում դիտարկում է նաեւ Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Կրաֆտի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը սկսել է մշտական ներկայացուցչի պաշտոնի հավակնորդներ փնտրել այս պաշտոնից Նիկի Հեյլիի հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո: Նա ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ էր նշանակվել 2017 թվականի հունվարին: Հեյլին աշխատել է մինչեւ 2018-ի հոկտեմբեր:




























