Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի բացառում, որ ստվերային հողերի հետ կապված քրեական գործեր կհարուցվեն։
Այսօր՝ նոյեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը նշեց, որ այս խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունը հենված է շատ պարզ տրամաբանության վրա. արբանյակներից ստացվող պատկերները համադրում են ջրընկերություններից ստացված պայմանագրերի հետ և գտնում են անճշտությունները:
«Ես կարծում եմ, որ այս պրոցեսների արդյունքում մենք կարող ենք մեկ ու կես տարվա ընթացքում ունենալ իրական ջրօգտագործողներին և թաքնված ջրօգտագործողների այգիները բերել օրինական դաշտ, և կարծում եմ, որ այս գործընթացում կշահեն բոլորը, և ամենակարևորը կշահի մեր երկիրը, և Սևանից հավելյալ ջրառի առումով նաև կշահենք»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր է պաշտոնյաներ լինեն ներգրավված այդ ստվերային այգիներում, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Կոնկրետ տվյալներ դեռևս չունեմ, դրանք ճշտվում են, և այս պրոցեսում չեմ բացառում, որ որոշակի քրեական գործեր հարուցվեն»։


























