Բրյուսելի վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վճռել է, որ միապետ Ալբերտ Երկրորդը երեք ամսվա ընթացքում պարտավոր է հայրությունը որոշող թեսթ անցնել՝ իր արտաամուսնական դստեր՝ Դելֆինա Բոելի պահանջով՝ տեղեկացնում է ՌԻԱ նովոստին։

Միաժամանակ փաստաբանական գրասենյակում լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Ալբերտ Երկրորդն իրավունք ունի հրաժարվել դրանից։

Եթե արյունակցական կապը հաստատվի, Բոելը կարող է հավակնել արքայադստեր տիտղոսին եւ բոլոր այն արտոնություններին, որոնցից օգտվում են թագավորական ընտանիքի անդամները։

2016թ․ փետրվարին Բելգիայի սահմանադրական դատարանը որոշել էր, որ միապետի դուստրը իրավունք ունի հայրությունը ճանաչելու պահանջ ներկայացնել։ Մինչ այժմ այդ փորձերն անհաջողության էին մատնվում։

Դելֆինա Բոելը դատական գործընթացը սկսել էր 2013թ․ հունիսին, երբ միապետը երկրի գործող ղեկավարն էր եւ անձեռնմխելիություն ուներ։ Երբ նա հրաժարվեց գահից իր ավագ որդի Ֆիլիպի օգտին, թագավորական տիտղոսը պահպանեց, սակայն կորցրեց անձեռնմխելիությունը։

Դելֆինայի մայրը՝ բարոնուհի Սիբիլ Դե Սելիս Լոնգշմանը, երկար տարիներ նրանից թաքցրել է, թե ով է իր հայրը, եւ միայն 18 տարեկանում է Դելֆինան մորից իմացել, որ ինքը միապետի արտաամուսնական զավակն է։ Նրա իրավաբանական հայրը արդյունաբերող Ժակ Բոելն է, ով վաղուց ամուսնալուծվել է կնոջից եւ Դելֆինային հանել է իր կտակից։