Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) պարզել է Սիրիայում ռուս զինվորականների սպանությունների մեջ ներգրավված զինյալների ինքնությունը: Այս մասին նշվում է ՔԿ կայքում:

Հաղորդվում է, որ խոսքը ռուսական Սու-24Մ ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեշկովի եւ ծովային հետեւակային Ալեքսանդր Պոզինիչի սպանության, ինչպես նաեւ Սիրիայում 2015-ին Սու-24Մ-ի շտուրման Կոնստանտին Մուրախտինի սպանության փորձի մասին է:

Հաղորդվում է, որ ապացույցների ամբողջականության հիման վրա որոշում է կայացվել 9 սիրիացի քաղաքացիներին գործին ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

«Նրանք բոլորը մեղադրվում են անօրինական զինված խմբավորման գործունեությանը մասնակցելու, ինչպես նաեւ կախված յուրաքանչյուրի մասնակցության աստիճանից, սպանություն եւ սպանության փորձ կատարելու, մահացածի մարմինը ծաղրելու, զենքի, զինամթերքի եւ անձնական ունեցվածքի գողության մեջ», - հաղորդում է ՔԿ կայքը: Ընդգծվում է, որ քննությունը շարունակվում է: