Կանադայի Էդմոնթոն քաղաքում անօթեւան Ադամ Ջիլիանը աղբակույտում նկար է հայտնաբերել, որն ավելի ուշ նրա ամբողջ կյանքն արմատապես փոխել է, հայտնում է MIGnews-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ թափառաշրջիկի զարմանալի գտածոն «Բեմբի» մուլտֆիլմի համար Disney-ի աշխատանքի բնագիրն էր:

38-ամյա Ադամը որոշել է նկարը տանել մոտակա հնաոճ իրերի խանութ՝ հույս ունենալով դրա դիմաց գոնե 20 դոլար ստանալ: Սակայն, ի զարմանս նրա, Էդմոնթոնի խանութի տեր Ալեքսանդր Արխբոլդը, նկարը գնահատելով, պարզել է, որ այն 1000 դոլարիվ ավելին արժե, եւ թափառաշրջիկին կեսն է վճարել: 

Հստակեցվում է, որ նա Ադամին գլուխգործոցի դիմաց վճարել է 1700 դոլար՝ ամբողջ արժեքի կեսը:

Արխբոլդը լրագրողներին ասել է, որ ինքը Ջիլիանից մշտապես գնել է նրա գտած բոլոր իրերը, անգամ եթե դրանք ոչ մի արժեք չունեին, որ նա կարողանա իր համար սնունդ գնել:

Նա նաեւ հավելել է, որ մուլտֆիլմի հերոսի պատկերով նկարը ստեղծվել է 1937 թվականին: