ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Ջորդան Քարեմը ծրագրում է 2019թ․ հեռանալ իր պաշտոնից։ Այս մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի ներկայացուցչին։

«Ջորդան Քարեմը հիանալի մարդ է, ում հետ մենք վերջին տարիներին շատ լավ շփվել ենք։ Նա ամենասկզբից ինձ հետ է եղել, եւ ես գնահատում եմ նրա հավատարմությունն ու իմ վարչակազմին նվիրվածությունը»,- Քարեմի հեռանալու հետ կապված՝ հայտարարել է Թրամփը։

Քարեմը համակարգում է նախագահի վարչակազմի այն աշխատակիցների գործունեությունը, ովքեր պատասխանատու են Սպիտակ տան Օվալաձեւ սենյակի անխափան աշխատանքի համար։ Թերթի տվյալներով՝ նա մտադիր էր միջանկյալ ընտրություններից հետո տեղափոխվել մասնավոր ոլորտ։

Քարեմը դեռեւս 2015թ․ հուլիսին էր միացել Թրամփի նախընտրական շտաբին, հետո աշխատել էր որպես փոխնախագահ Մայքլ Փենսի մամուլի քարտուղար։ ԱՄՆ նախագահի անձնական օգնական նա դարձել է 2018թ․ մարտին, երբ այդ պաշտոնից հեռացավ Ջոն Մաքենթին։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներից ելնելով՝ մտադիր է կադրային տեղափոխություններ կատարել վարչակազմում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։