ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Մեքսիկայի սահմանին միգրանտների բազմության մեջ երեխաների ծնողներին, որոնց դեմ նախօրեին ամերիկացի իրավապահները արցունքաբեր գազ էին կիրառել սահմանը հատել փորձելիս, իսկ բուն գազն անվտանգ է որակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որոնցում երեւում է, որ գազի ազդեցության տակ հայտնված մարդկանց թվում կան կանայք եւ երեխաներ: Միգրանտներն, իրենց հերթին, քարեր են նետել:

«Ինչո՞ւ են ծնողները վազում այնտեղ, որտեղ արցունքաբեր գազ կա: Իսկ նրանք այնտեղ են վազում երեխաների հետ: Որոշ դեպքերում նրանք ծնողներ չեն: Դրանք մարդիկ են, որոնց անվանում են «ձեռք բռնողներ»: Նրանք երեխայի ձեռքն են բռնում, որովհետեւ կարծում են, որ երեխայի առկայությամբ հատուկ կարգավիճակ կստանան… Ամբողջ սահմանին այդպիսի մարդիկ մեծ թիվ են կազմում, որոնք բռնում են երեխաների ձեռքերը՝ պատկերացում չունենալով, թե նրանք ում երեխաներն են»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Թրամփը:

Թրամփը հայտարարել է, որ նման միգրանտներն իսկապես որոշ առավելություն ունեն «անմիտ օրենքների» շնորհիվ: Ընդ որում՝ նա հայտարարել է արցունքաբեր գազի անվտանգ բնույթի մասին:

«Այն շատ անվտանգ է: Նրանք, ովքեր որոշակի չափով տուժել են, այն մարդիկ են, որոնք մարել են, բայց այն շատ անվտանգ է»,- հավաստիացրել է Թրամփը: