Այսօր մենք հատում ենք հոգեբանական մի շեմ, երբ քաղաքապետարանի հաստիքացուցակը 2000-ն արդեն գերազանցում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանի ավանագու արտահերթ նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այսօր մենք հատում ենք հոգեբանական մի շեմ, երբ քաղաքապետարանի հաստիքացուցակը 2000-ն արդեն գերազանցում է, բայց դեռ չկա քննարկում եւ նախագիծ առավելեւս, որով կքննարկվի հաստիքացուցակի այն օպտիմալացումը, որը քննարկել էինք շաբաթներ առաջ եւ ֆիքսել, որ երեք ամսվա ընթացքում պետք է իրականացնենք այդ վերանայումը»,-նշեց նա։

Խաժակյանի դիտարկմանը պատասխանեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը․ «Այո, մենք նախորդ անգամ բարձրաձայնել ենք, որ իրականացվելու է հաստիքացուցակի օպտիմալացում, բայց ոչ կրճատում։ Բնականաբար, օպտիմալացումը կբերի հաստիքացուցակների գոյության անհրաժեշտության քննարկումների, ինչպես խոստացել էինք՝ դեկտեմբերին այդ գործընթացը պլանավորված է, բայց այդ գործառույթի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ այն բավականին խորքային ուսումնասիրոթյան անհրաժեշտություն է առաջացնում, դա էր պատճառը, որ առաջարկեցինք քննարկումը տեղափոխել ավելի ուշ։ Այս պահին գործընթացը մեկնարկել է։ Բոլոր մեր ենթակայության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներում գնահատվում են գործառույթները»։

Հայկ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպես է կատարվում օպտիմալացումը․ «Պետք է իջնել գործառույթների մակարդակ, գույքագրվեն ստորաբաժանման իրականացվող կամ իրականացվելիք գործառույթները, դրանք դառնան մարդ-ժամեր, մարդ-ժամերը վերածվեն հաստիքների, որոնք կկազմավորեն տվյալ ստորաբաժանման հաստիքացուցակը եւ դրա արդյունքում կօպտիմալացվեն այն հաստիքները, որոնք ծանրաբեռնավծություն են առաջացնում բյուջեի եւ գործառույթների վրա, քանի որ կան հաստիքներ, որոնք ոչ միայն չեն օգնում, այլ նաեւ խանգարում են միմյանց, ուստի գործընթացը տեւական ժամանակ կպահանջի, դեկտեմբերի վերջին կունենանք օպտիմալացված հաստիքացուցակ»։

Խաժակյանը հետաքրքրվեց ՝ երբ նշում է, որ հաստիքացուցակը օպտիմալացվում է, ոչ թե կրճատում, փորձում է մեղմել կրճատման փաստը, թաքցնել այդ բառի տակ կրճատման հանգամանքը, ինչին Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ, ոչինչ չենք թաքցնում։ Մենք խոսում ենք տարբեր  բաների մասին։ Կրճատումը հիմնավորված է միջոցների խնայմամբ, իսկ օպտիմալացումը գործառույթների առավել նպատակային տեղաբաշխում, այս պարագայում մենք չունենք ֆինանսների խնայման տեղաբաշխում»։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, որ սեպարատ կերպով գործընթացն ինքը սկսել է՝ 9-ի փոխարեն իր խորհրդականների թիվը դարձնելով 4-ը, 5 օգնականի փոխարեն՝ 1 օգնական։