Կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել որպես վատ եւ չկայացած, որովհետեւ Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է: Դա վաղ 90-ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաեւ 2010-ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը: Դա, բնականաբար, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա։ Բնականաբար, ամբողջովին չենք կարող բացառել, որովհետեւ այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումները գնալով նվազեցնելու են այդ ամեն ինչը»,-նշեց նա։
Կոմիտեի նախագահը իր խոսքով «հանրության աչքի փուշը դարձած» չափագրումների ոլորտի ազատականացման որոշումը ճիշտ որոշում է համարում, քանի որ այդ կոռումպացված հատվածը կադաստրից անցել է մասնավոր սեկտոր։ Նա, սակայն, նշում է՝ հենց առաջին օրվանից հատ-հատ աշխատել են չափագրական ընկերությունները կապը կադաստրի աշխատողների հետ բացառելու համար․«Դրանք այսօր գրեթե վերացված են: Մատների վրա կարելի է հաշվել չափագրման կազմակերպություններ, որոնց մեջ ինչ-որ ձեւով մասնաբաժին ունեն կադաստրային աշխատողները: Եթե դա չկա, նշանակում է՝ կոռուպցիան չի աշխատում որպես սխեմա եւ դա պետք է հետեւողական լինի՝ մոտ 300 չափագրողներից 50-60-ի աշխատանքը դադարեցվել է»:
Նրա խոսքով՝ չափագրողների աշխատանքի դադարեցումն էլ իր ռիսկերն ունի:
«Չափագրողների թվաքանակի նվազմամբ պայմանավորված կարող է սակագները բարձրանան: Բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ մենք փորձում ենք ապահովել ծառայությունների պատշաճ որակ, եւ որ թույլ չտալ անօրինականություններ»,-ընդգծեց կոմիտեի նախագահը:
Կազմակերպված կոռուպցիայի կազմաքանդման շրջանակներում նա հավելեց, որ վերացնելու են «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը․ «90-ականներին ունեինք 50 ստորաբաժանումներ, որոնց շեֆերը փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում: Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը: Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու: Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ-որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»։





























