Նիկոլ Փաշինյանը Արդարդատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ է տեղափոխվել նոյեմբերի 30-ին եւ նշված ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս տրամադրվել է 19 տեսակցություն, որից 12-ը՝ փաստաբանների, 5-ը՝ ընտանիքի եւ 2-ը՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում եւ մարմիններում հաuարակական վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդների խմբի անդամների հետ:

Այս մասին NEWS.am-ին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար  Կարինե Քալանթարյանը, ի պատասխան այդ Դիտորդների խմբի հրատապ հաշվետվության:

ԱՆ պատասխանում նշվում է, որ 2010թ. նոյեմբերի 30-ից մինչ օրս Փաշինյանն ստացել է նաեւ 29 ծրար եւ գրություն, ՔԿՀ վարչակազմին է հանձնել 14 դիմում (որոնցից մեկին կցված են եղել 8 ծրար) եւ 6 առանձին ծրար, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք:

Ւսը ԱՆ հաղորդագրության, Ն.Փաշինյանն իր դիմումները եւ նամակները ոչ միշտ է հանձնում վարչակազմին, դրանք հավաքելով իր մոտ, սպասում է որ իրեն այցելեն ներպետական կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ միայն այդ ժամանակ է հանձնում դրանք, հայտարարելով, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը չի վերցնում իր նամակներն ու դիմումները: «Այսպիսով դատապարտյալը նպատակ է հետապնդում իր անձի շուրջ պատրանք ստեղծելու, թե իբր իր նկատմամբ ապօրինություններ են կատարվում:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Ա.Սաքունցը Դիտորդների խմբի նախագահ նշանակվելուց հետո երկու անգամ այցելել է «Արթիկ» ՔԿՀ ոչ աշխատանքային օրերին եւ հանդիպել միայն Ն.Փաշինյանի հետ, մինչդեռ այդ ՔԿՀ-ում պահվում են 400 եւ ավելի դատապարտյալներ եւ կալանավորված անձինք:

Այսպիսով, Դիտորդների խմբի հաշվետվությունն այն մասին, թե իբր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Ն.Փաշինյանի` արտաքին աշխարհի հետ շփման` նամակագրության եւ ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքը խախտվում է, չի համապատասխանում իրականությանը եւ հիմնազուրկ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ Արդարադատության նախարարի կողմից տրվել է համապատասպան հանձնարարական` դիտորդական խմբի ներկայացուցիչների ներկայությամբ դատապարտյալից նամակներ չընդունելու մասին տեղեկության իսկությունը ստուգելու վերաբերյալ, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: