Հեյբեյ նահանգի հյուսիսում՝ քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունների շարքի եւ հրդեհի արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի, նույնքան մարդ վիրավորվել է: Տարածաշրջանի կառավարությունը Weibo չինական սոցիալական ցանցում բնակիչներին խնդրել է չմոտենալ աղետի վայրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանրային անվտանգության եւ հրդեհային անվտանգության ուժերի որոնողափրկարարական գործողությունների ժամանակ 22 մարդու մահն արդեն հաստատվել է, եւս 22-ը հոսպիտալացվել են», - նշվում է հաղորդագրությունում: Ըստ իշխանությունների, արտակարգ իրավիճակի արդյունքում այրվել է 38 բեռնատար եւ 12 մեքենա:

«Հուսով ենք, որ քաղաքացիները չեն գա աղետի վայր կատարվածին հետեւելու համար, քանի որ դա թույլ կտա որոնողափրկարարական գործողությունների ժամանակ հետեւանքներից խուսափել»:

Պայթյունների շարքը տեղի է  ունեցել չորեքշաբթի գիշերը՝ նոյմեբերի 28-ին, Shenghua Chemical Industry գործարանի մոտ: Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ եւ պայթյունի պատճառը չի հաղորդվում: Իշխանությունները դեպքի հետ կապված հետաքննություն են սկսել: