Հայաստանում անցումային արդարադատության ձեւավորման մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մենք սկսեցինք ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով մինչ օրս Հայաստանում, անգամ փորձագիտական հանրությունում, քչերը գիտեին թե ինչ է անցումային արադարադատությունը եւ երբ է այն կիրառվում:
«Հիմա ամեն ինչ ավելի հստակ է: Ակնհայտ է, որ խոսքը ավանդական հետհեղափոխական դատարանների մասին չէ, որոնք գործում էին միջնադարում, երբ մարդիկ հավաքվում էին հրապարակում եւ մեկ կամ երկու քննչական գործողություններից հետո մարդկանց ուղարկում էին գիլյոտին», - հավաստիացրեց Միրզոյանը:
Ընդ որում նա նշեց, որ անցումային արդարադատության վերջնական նպատակը հանրությունում ճշմարտության եւ հաշտության հասնելն է՝ հավելելով, որ շատ երկրներում, որտեղ այս ինստիտուտը կիրառվել է, հատուկ հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովներ էին կոչվում:
Արարատ Միրզոյանի խոսքով, անցումային արդարադատությունը պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ ավանդական արդարադատությունը չի կարող լուծել այս կամ այն իրավական հարցերը, պետության եւ հասարակության առջեւ ծառացած իրավախախտումներն ու խնդիրները: «Խոսքը հիմնականում այն զանգվածային իրավախախտումների մասին է, երբ ամենուր խախտվել են քաղաքացիների իրավունքները: Մենք գիտենք, որ երկար տարիներ Հայաստանում ընտրական իրավունքի հետ կապված զանգվածային խախտումներ են արձանագրվել, ընտրությունների արդյունքները կեղծվել են, հանրապետությունում ընտրական գործընթացներին վերաբերող տարբեր ճնշումներ են եղել, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակվել է», - եզրափակեց Արարատ Միրզոյանը:





























