ԱՄՆ Վիրջինիա նահանգի Փուրսելվիլ քաղաքի բնակիչ Սառա Ջոնսը Երևանում փորձում  է գումար հավաքել, որպեսզի թափառական շների համար ապաստան գտնի քաղաքում, նաև` ԱՄՆ-ում: Այս մասին գրում է Loudoun Now լրատվամիջոցը:  

Սառան հունիսին ամուսնու հետ եկել է Հայաստան և այժմ համագործակցում է The Loudoun Pet Sittting Co. կազմակերպության հետ` հանգանակելու 16,000$, որով հնարավոր կլինի կերակրել Հայաստանի «Փոուզիթիվ Րեսքյու» կենդանիների ապաստարանի 127 շներին` միաժամանակ նշելով, որ այդ շներն ԱՄՆ-ում բնակվելու տեղի կարիք ունեն:

Ջոնսն ասել է, որ Երևանում շներին հաճախ տերերը տանից դուրս են անում, ինչից հետո նրանք չեն դիմանում ձմռան ցրտին կամ էլ մեքենայի տակ են ընկնում:

Ամռանը Հայաստան տեղափոխվելուց հետո Ջոնսը միացել է «Փոուզիթիվ Րեսքյուին», իսկ վերջերս սկսել է «Project Santa Paws» քարոզարշավը՝  գումար հավաքելու և ձմռան ամիսներին շներին սննդով ապահովելու օրական երկու անգամ: 

Ինչ վերաբերում է շներին ԱՄՆ տանելուն, ապա Ջոնսը դիմել է Վիրջինիայի բնակիչներին, որ նրանք կարող են Հայաստանից շուն ստանալ: Առայժմ Ջոնսին հաջողվել է հավաքել $3000, սակայն որևէ մեկը դեռևս շուն չի տարել: The Loudoun Pet Sitting Co.-ի հիմնադիր Լիզա Կլեմենսը ասել է, որ իր հաճախորդներին տեղեկացնում է Հայաստանի շների մասին, և որ իր ընկերությունը պատրաստ է $1000 նվիրատվություն կատարել Սառա Ջոնսի ծրագրին: