Թունիսի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն անվանակոչվել է ի պատիվ երիտասարդ մրգավաճառ Մոհամմեդ Բուազիզի, ում ինքնասպանությունն էլ խթան հանդիսացավ այդ երկրում հեղափոխություն սկսելու համար: Այդ մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները` վկայակոչելով Թունիսի վարչակազմը:
Ավելի վաղ մայրաքաղաքի գլխավոր հրապարակը կրում էր «Նոյեմբերի 7» անունը: Հենց այդ օրն էլ 1987թ. Զին ալ-Աբիդին բեն Ալին եկել էր իշխանության` տապալելով իր նախորդ Հաբիբ Բուրգիբին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
26-ամյա թունիսցի Մոհամմեդ Բուազիզին` Սիդի-Բուզիդ քաղաքից, աշխատում էր շուկայում առանց պաշտոնական թույլտվության: Նա խնդիր էր ունեցել տեղական իշխանությունների հետ, որոնք էլ տուգանել էին նրան, իսկ տեղական վարչակազմի աշխատակիցն ապտակել էր նրան:
2010թ. դեկտեմբերի 17-ին Բուազիզին փորձել էր դիմել քաղաքապետարան, բայց նրան չէին լսել, եւ նա ինքնահրկիզվել էր: 2011թ. հունվարի 4-ին առեւտրականը վախճանվել էր հիվանդանոցում: Դրանից հետո հուզումներ էին սկսվել:




























