Ռուսաստանում ուշադիր ուսումնասիրում են Հայաստանից ստացվող նյութերը, հետեւում են, թե ինչպես է ընթանում ընտրարշավը:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը լրագրողներին հայտնեց, որ կոմիտեի պատգամավորների մի ամբողջ խումբ առաջիկա ընտրություններում հայտարարագրվել է որպես դիտորդ: Միաժամանակ, մենք խուսափում ենք հրապարակային գնահատականներ տալուց: Չենք ցանկանում, որ որեւիցե մեկը միջամտության մասին խոսելու հիմք ունենա»,- շեշտեց ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Խոսելով Հայաստանի հանդեպ իր անձնական վերաբերմունքի մասին՝ Զատուլինը նշեց, որ հարգում է այն երկիրը, որի հետ Ռուսասատանը պատմականորեն է կապված: «Հայաստանն ինձ համար եւ իմ ամբողջ ընտանիքի համար թանկ է: Հայրս իր առաջին Մարտական Կարմիր դրոշի շքանշանը ստացել է որպես սահմանապահ ջոկատի հրամանատար 35 թվին Ղարաբաղում ժանտախտի վերացման համար: Մենք Հայաստանին առաջին հերթին մաղթում ենք, որ այն ներքին կայունություն ունենա, իսկ հայ ժողովուրդը բարգավաճի ընտրությունների արդյունքում, որը նա կատարում է: Մենք նրանցից ոչ մեկի ձեռքսեղմումը չենք մերժել, ում հետ համագործակցել ենք: Մենք Հայաստանի քաղաքական գործիչներից որեւէ մեկի հետ հանդիպելու արգելք չունենք՝ ով էլ նա լինի»,- շեշտեց Զատուլինը՝ հավելելով, որ Լազարյան ակումբի նիստին հրավիրվել էին Հայաստանի բոլոր նախագահները (ոչ մեկը չէր եկել – խմբ.):

«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ապա ես մեծ հույս ունեմ, որ դրանք կզարգանան ցանկացած իշխանության օրոք: Իսկ հիմա կարեւոր պահ է, երբ բարեկամական հարաբերությունները վերածվել են վստահելիի: Իսկ վստահությունը երկար է նվաճվում եւ առաջին հերթին գործին խոսքի համապատասխանությամբ: Եթե տեսնում ենք, որ խոսքը լավն է, ակամայից ստուգում ենք, իսկ գործը համապատասխանում է խոսքին: Եթե համապատասխանում է, ապա խնդիրներ չկան»,- եզրափակեց պատգամավորը: