Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խորհուրդ տվեց Ազգային անվտանգության ծառայությանը գտնել Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի զրույցի ձայնագրման եւ գաղտնալսման մեղավորներին եւ չմոռանալ զրույցի բովանդակության մասին:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով գաղտնալսման գործը Քոչարյանի անվան հետ կապելու փորձերի մասին հարցին, Սողոմոնյանն ընդգծեց, որ ավելի անհեթեթ մեղադրանք չի լսել. «Այս հարցով ես կարող եմ միայն կրկնել այն, ինչը նաեւ նախկինում էլ ասել ենք. ավելի անհեթեթ բան ես չեմ լսել: Քոչարյանի թիմը հատուկ ծառայություն չէ կամ լրտեսական կազմակերպություն, որպեսզի գաղտնալսում իրականացներ: Թող գտնեն մեղավորներին եւ օրենքի ողջ խստությամբ պատժեն նրանց», - ասաց Սողոմոնյանը՝ կոչ անելով չմոռանալ նաեւ զրույցի բովանդակության մասին: Նրա խոսքով, բարձրաստիճան անձանց զրույցի բովանդակությունը լիովին արտացոլում է այն գործընթացները, որոնք այսօր կատարվում են երկրում:

«Իմ կարծիքով, այս ձայնագրության բովանդակությունը ամոթի խարան է մեր պատմությանը», - եզրափակեց Սողոմոնյանը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ գաղտնալսման կազմակերպիչները գրագետ են գործել եւ հանցանշաններ չեն թողել: