Շաբաթ Փարիզի մետրոյի 7 կենտրոնական կայարաններ են փակվել վառելանյութի գների բարձրացման դեմ Փարիզում ընթացող «դեղին բաճկոններ» շարժման ցույցերի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Փարիզի տրանսպորտի վարչության (RATP) կայքը:

Բենզինի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» մասշտաբային ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին: Անցած շաբաթվա ընթացքում ցույցերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Փարիզում ցույցերը Ելիսեյան դաշտերում ուղեկցվել են անկարգություններով:

Վարչության հայտարարության համաձայն՝ շաբաթ հասարակական վայրերում սպասվող ցույցերի պատճառով փակվել են Ելիսեյան դաշտերում 3 կայարաններ («Ֆրանկլին Ռուզվելտ», «Գեորգ V» եւ «Կլեմանսո»), «Կոնկորդ», «Թյուիլրի», ինչպես նաեւ «Շառլ դե Գոլ — Էթուալ»-ը Հաղթական կամարի հրապարակում եւ կամարից ոչ հեռու գտնվող «Արժանթին» կայարանը: