Ավստրալիայում մեծ թվով վտանգավոր կենդանիներ կան, սակայն նրանց հանդիպելիս մարդիկ ավելի հազվադեպ են զոհվում, քան առաջին հայացքից ոչ վտանգավորների հետ շփվելիս, հայտնում է ABC-ն:
2008-2017 թվականների վիճակագրական տվյալների համաձայն՝ կենդանիների հետ շփվելիս մարդիկ ամենից հաճախ մահացել են ձիերի, կովերի եւ որպես փոխադրամիջոց ծառայող կենդանիների պատճառով: Երկրում 10 տարում գրանցվել է այդպիսի 77 դեպք:
Ֆաունայի հետ շփվելու ժամանակ մարդկանց մահվան երկրորդ հաճախակի պատճառը մյուս կաթնասունների հետ հանդիպումն է: Դրանք մահվան ելքով են ավարտվել 60 անգամ:
Դիտարկվող ժամանակահատվածում ձիաբոռերը, կրետները եւ մեղուները սպանել են 27 մարդու:
Շնաձկների եւ ծովային այլ կենդանիների հաշվին են գրանցված 26 կործանված կյանքեր, օձերի եւ մողեսների՝ 23: 22 դեպքում մարդկանց մահվան պատճառ են դարձել շները, իսկ կոկորդիլոսները սպանել են 17 մարդու: 8 մարդ կյանքին հրաժեշտ է տվել ոչ թունավոր միջատների խայթոցի պատճառով, եւս 4-ը անհայտ միջատների, սարդերի հետ շփվելու պատճառով: Երկու մարդու էլ սպանել են առնետները:




























