Կալիֆորնիայում ոստիկանները բերման են ենթարկել հարբած վարորդի, որը քնել է Tesla էլեկտրամեքենայի ղեկին և շարունակել է երթևեկել միացրած ավտոպիլոտով, հայտնում է SFGate-ը:
Առավոտյան 3:30-ի շրջանում 101 մայրուղու վրա ոստիկանների ուշադրությունը գրավել է Tesla Model S ավտոմեքենան, որն ընթանում էր ժամում 70 մղոն արագությամբ (112 կմ/ժ): Երբ իրավապահները հավասարվել են էլեկտրամեքենային, հայտնաբերել են, որ վարորդը քնած է, իսկ ավտոմեքենան ընթանում է ավտոպիլոտի ռեժիմում:
Ընդամենը յոթ րոպե էր անհրաժեշտ, որ կանգնեցնեն Tesla-ն. դրա համար ոստիկանությունը միացրել էր վթարային լույսերը, իսկ ոստիկաններից մեկն իր մեքենան վարում էր Tesla-ի դիմացով, դանդաղեցնելով այն մինչև լիարժեք կանգ առնելը: Գործողության ժամանակ ոչ ոք չի տուժել:
Մոտակա բենզալցակայանում վարորդն անցել է ալկոհոլի թեսթ. արդյունքները դրական էին: Ոստիկանները բերման են ենթարկել խախտում կատարողին:
Tesla-ի բերման ենթարկված վարորդը Ալեքսանդր Սամեքն է: Նա 45 տարեկան է, Լոս-Ալտոսի քաղաքային պլանավորման հանձնաժողովի անդամ է: Նա մերժել է լրագրողների խնդրանքը տեղի ունեցածը մեկնաբանելու վերաբերյալ:





























