Թերթը գրում է, որ հանրապետությունում գայլերի թվաքանակի աճ գրեթե չկա, փոխարենը` նվազել են այն կենդանիները, որոնցով սնվում են գայլերը: Այս մասին ասել է բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Ֆրանսիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում գայլերն ընդհանրապես վերացել են, եւ դա ֆերմեր-գայլ հակամարտության հետեւանք է: Մեզ մոտ էլ նույնն է կատարվում. շատ գյուղացիներ սեփական նախաձեռնությամբ սպանում են գայլերին: Իհարկե, պետք է որոշակի գլխաքանակ ոչնչացնել, սակայն կարեւոր է, թե որ տարածքներում լինեն գայլերի սպանությունները»,- նշել է Կ.Մանվելյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ գայլերը պահպանում են բազմացման իրենց պոպուլյացիան, մինչդեռ հանրապետությունում խիստ աճել է շնագայլերի թիվը:
Ի դեպ, մինչեւ ընթացիկ տարվա աշուն ձեռք կբերվի Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված ազնվացեղ եղջերուի 7-10 առանձնյակ: Ամենայն հավանականությամբ այդ առանձնյակները կբերվեն Ռուսաստանից:




























