Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին միացել է  թուրքական իշխանությունների քննադատություններին ըննդեմ ԱՄՆ նորանշանակ դեսպանի, ով տարակուսանք էր հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության առթիվ։

 Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Դեւլեթ Բահչելին լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքն իրավացիորեն է քննադատել ԱՄՆ նորանշանակ դեսպանին.  «Դեսպանը թող իր գործով զբաղվի»,-ասել է ազգայնական գործիչը։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն խոսել է Թուրքիայում խոսքի ազատության մասին եւ ասել. «Մենք չենք հասկանում Թուրքիայում տեղի ունեցողը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին: Մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից՝ խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը եւ խոսքի ազատությունը հսկայական նշանակություն ունեն Թուրքիայի համար»:

 Ավելի ուշ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը փորձել է ուղղում մտցնել իրա արած հայտարարության մեջ՝ նշելով, թե հիշյալ հայտարարությունը չի արել կոնկրետ երեւույթի վերաբերյալ։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Մենք չենք հասկանում, քանի որ օտարերկրացի ենք։ Թուրքիան կարեւոր երկիր է։ Մենք ցանկանում ենք, որ դուք օգնեք մեզ՝ Թուրքիայում տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար»,-ասել է դեսպանը՝ նշելով, թե իրենք հասկանում են, որ Թուրքիան իրավական երկիր է։