Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը փետրվարի 18-ին անորոշ ժամանակով փակվել է: Դիվանագիտական ներկայացուցչություն զանգահարելիս հեռախոսի ինքնապատասխանիչը տեղեկացնում է, որ դեսպանատունը փակ է: Ադրբեջանական «1news.az» գործակալությունը հայտնում է, որ հաջողություն չեն ունեցել նաեւ բջջային հեռախոսով Իսրայելի դեսպանի հետ կապվելու փորձերը:
Նշվում է, որ դեսպանությունն աշխատանքը փետրվարի 14-ին մեկ անգամ արդեն դադարեցել էր տեխնիկական պատճառներով, բայց փետրվարի 15-ին վերսկսել էր:
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միքայել Լավոն Լոտեմը հայտարարել էր, թե դեսպանության գործունեության դադարեցումը պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով եւ տեխնիկական բնույթ ունի:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում եւս դադարեցվել է Իսրայելի դեսպանատան գործունեությունը: Դեսպանատնից հայտնել են, որ կան պատճառներ, որոնք Թել Ավիվին ստիպում են ժամանակավորապես դադարեցնել դեսպանատան աշխատանը, սակայն դրանց եւ գործունեության վերսկսման ժամկետների մասին ոչինչ չեն ասել: Վրաստանի արտգործնախարարությունում նույնպես իրավիճակը չեն մեկնաբանում:
Նշենք, որ Իսրայելի դեսպանատները ժամանակավորապես փակված են նաեւ Թուրքիայում, Վենեսուելայում, Մավրիտանիայում եւ Կոտ դ`Իվուարում:




























