Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի վրա, որով դատապարտվում է Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը: Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնի ստանձնումից հետո ԱՄՆ-ն վետոյի իր իրավունքն օգտագործում է առաջին անգամ:
Բանաձեւի նախագիծը, որին աջակցություն էին հայտնել ՄԱԿ-ի անդամ 130 երկիր, ընդգրկվել էր ԱԽ օրակարգում` չնայած արդեն նախօրեին հայտնի էր, որ ԱՄՆ-ն այդ տեսքով չի սատարելու այն:
Lenta.ru-ի փոխանցմամբ` փաստաթղթի փոխզիջումային տարբերակը քննարկվել է ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մ. Աբասի` փետրվարի 18-ի գիշերը կայացած հեռախոսազրույցի ժամանակ, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նման որոշումը, հայտարարել է, որ այդ տեսքով ԱԽ ներկայացված փաստաթուղթը «կարող է հանգեցնել երկու կողմերի դիրքորոշումների կոշտացման», ինչպես նաեւ բանակցային գործընթացից հրաժարվելու առիթ դառնալ:
Միաժամանակ Ռայսն ասել է, թե Միացյալ Նահանգները չի ողջունում պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը: «Մենք կիսում ենք կառուցապատման անօրինականության վերաբերյալ մյուս երկրների դիրքորոշումը, սակայն խելամիտ չենք համարում ԱԽ շրջանակում այդ հարցը լուծելու փորձերը»,-հայտարարել է նա:





























