Թերթը հարցազրույց է տպագրել ԵԱՀԿ Գործող նախագահի` ձգձգված հակամարտույունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հարցում հիմնական նախաձեռնությունը ստանձնել է ռուսաստանը, մտադի՞ր է արդյոք Լիտվան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, այդ ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ:

ԵԱՀԿ Լիտվայի նախագանությունը լիովին խրախուսում է Մինսկի խմբի համանախագահների, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Մենք սերտորեն համագործակցում ենք այդ հարցերի շուրջ, ես եւս վստահ եմ, որ մենք կշարունակենք  աշխատել միասին` նպատակ ունենալով առաջընթացի հասնել կարգավորման գործում:

Ինչպե՞ս եք  վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցութունները միջազգային այլ ձեւաչափեր եւ ատյաններ տեղափոխվելու Բաքվի փորձերը:

Լիտվայի նախագահությունը լիովին խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերը, ովքեր ունեն հստակ միջնորդական մանդատ:

…Սեյմում մշակվում է «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձեւը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բանաձեւը եւ գործնական ի՞նչ օգուտ կարող է տալ կարգավորման գործընթացին, որի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Բանաձեւը դեռեւս ընդունված չէ, եւ ես չեմ կարող մեկնաբանել այն:

Հարավային Կովկասի հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ աշխատանքին` հակամարտությունների խաղաղ եւ երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով: Հայաստանին եւ Ադրբեջանին մենք կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի հասնելու համար ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժ եւ ուժի սպառնալիք չգործադրելու, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Լիտվան, լինելով ԵԱՀԿ համանախագահող երկիր, մտադիր է հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ անել վերահաստատել ուժի կիրառումից ձեռնպահ մնալու իրենց պարտավորությունը: