Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համաձայն չէ, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժ չի լինելու։
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա հայտարարեց. «Խորհրդարանում կլինի ընդդիմություն հանձինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության։ Ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ էին․ կա լեգիտիմ իշխանություն, եւ կա լեգիտիմ ընդդիմություն»։
Քաղաքագետը համոզված է՝ այդ երկու քաղաքական ուժերը կարող են լինել ընդդիմություն, չնայած նրան, որ հանդես են եկել հեղափոխության պաշտպանությամբ։ Նա հիշեցրեց՝ ընդդիմությունն այն ուժն է, որը չի մասնակցում իշխանության ձեւավորմանը, նաեւ անտրամաբանական է համարում, որ «Իմ քայլը» կոալիցիա կկազմի ԲՀԿ–ի ու ԼՀԿ–ի հետ։ «Այն ուժը, որը չի ձեւավորում գործադիր իշխանությունը, համարվում է ընդդիմություն, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ քաղաքական ուժերին»։
Բադալյանը պնդում է՝ նախընտրական քարոզարշավին ՀՀԿ-ն ճիշտ ռազմավարություն էր ընտրել, սակայն դա բավարար չէր հաջողության հասնելու համար։ Նա նկատում է՝ եթե ՀՀԿ–ն կողմ քվեարկեր ԸՕ փոփոխություններին, ապա կանցներ խորհրդարան, բայց անհասկանալի համառությամբ դեմ քվեարկեց ու պատժվեց դրա համար։
Քաղաքագետը նշում է՝ կասկածի տակ է նաեւ հետագայում ՀՀԿ–ի խորհրդարան հայտնվելը, քանի որ, ըստ նրա՝ երբ խորհրդարանից դուրս ես գալիս, վերադարձը գրեթե անհնար է. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ է այդպիսի դեպք եղել՝ առաջին նախագահին աջակցող ՀՀՇ–ն էր, որ 1990-1995 թվականներին խորհրդարան մտավ, 1999 թվականին չմտավ եւ միայն 2012 թվական ՀԱԿ դաշինքի միջոցով նա մտավ խորհրդարան՝ ձգումով հաղթահարելով 7 տոկոս շեմը»։
Նրա կարծիքով՝ հիմա ՀՀԿ-ն լուրջ անելիքներ ունի ռեբրենդինգի առումով եւ «խիստ կասկածելի է՝ դրա արդյունքում այն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ»։
Քաղաքագետը ՀՅԴ–ի հավաքած ձայները եւս պրոբլեմատիկ է համարում, շեշտում է՝ այն եւս ռեբրենդինգի խնդիր ունի. «ՀՅԴ ողջ ղեկավարությունը պետք է հեռանա, կուսակցությունը պետք է արմատական բարեփոխում իրականացնի»։
ՀՅԴ-ի հավանական դաշնակիցը, ըստ նրա, «Սասնա ծռերն» են․ «Հետաքրքիր է, որ եթե ՀՅԴ ձայներին գումարենք «Սասնա ծռերի» ձայները, որովհետեւ «Սասնա ծռերը» եւս հայդատական, Կուր–արաքսյան գաղափարախոսության կողմնակիցներն են, 5 տոկոսը հաղթահարում են, ընտրություններից հետո, ուզեն թե չուզեն, այս 2 ուժերը պետք է համագործակցեն»։
Արմեն Բադալյանը ԲՀԿ-ի պարագայում նկատում է սպառվող ռեսուրս․ «ԲՀԿ ձայները ցույց են տալիս, որ ԲՀԿ ռեսուրսը սպառվում է, իր ռեսուրսը, միակ գրավչությունը Գագիկ Ծառուկյանն է, բայց ընտրություններից ընտրություն Գագիկ Ծառուկյանը ֆիզիկապես արդեն ծերանում է, ԲՀԿ–ն պետք է այս հարցի լուծումը գտնի, թե չէ հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելը կասկածի տակ է հայտնվում»։
ԼՀԿ-ն անցավ խորհրդարան, սակայն դա հաղթանակ քաղաքագետը չի համարում․ «Եթե ԼՀԿ–ն ու «Մենք» դաշինքը միասին գործեին, կարելի է ասել՝ նրանք ԲՀԿ–ից առաջ են անցնում»։
Նա շեշտում է՝ չնայած ԼՀԿ–ն նախընտրական սխալ ռազմավարութուն իրականացրեց, սակայն ընտրություններին երեւաց, որ արեւմտամետ ընտրազանգվածը բավականին ազդեցիկ ուժ է դառնում, եւ գաղափարաքաղաքական միակ ուժը, որ խորհրդարան է անցել, ԼՀԿ–ն է։
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ ՕԵԿ–ը այլեւս ապագա չունի եւ պետք է ինքնալուծարվի. «ՕԵԿ–ի ղեկավարը ՀՀ–ում ունի ամենամեծ հակավարկանիշը, հակաընտրական զանգվածը, իսկ դա նշանակում է, եթե նույնիսկ փոխվի կուսակցության ղեկավարը, նույնիսկ այդ դեպքում ՕԵԿ–ը այլեւս ապագա չունի եւ պետք է ինքնալուծարվի։ Նրանք պետք է մտնեն առկա քաղաքական ուժերի մեջ՝ «Իմ քայլ», ԲՀԿ, ԼՀԿ»։
Նա նկատում է՝ չնայած «Մենք» դաշինքը ընդգծված արեւմտամետ էր ներկայանում, սակայն չուներ այն մարդկային կապիտալը, որը վստահություն կներշնչեր, որպես արեւմտամետ։
Քաղաքագետի կարծիքով՝ «Սասնա ծռերը» լավ մեկնարկ տվեցին, սակայն հետագայում թուլացրին քարոզարշավը. «Խոսեցին, որ այս խորհրդարանը երկու տարի պետք է գործի եւ ուժեղ հարված ստացան «Իմ քայլը» դաշինքից, հատկապես Նիկոլ Փաշինյանից, եւ թուլացրին իրենց նախընտրական հռետորաբանությունը, չխոսելով կուր–արաքսյան գաղափարախոսությունից, հակառուսականությունից՝ կորցրին իրենց գրավչությունը եւ դրա համար արդյունքը կտրուկ անկում ապրեց»։
Նա նկատում է՝ «Իմ քայլը» դաշինքի ձայները ապագայում կմարեն, եթե գաղափարաքաղաքական ուղղվածություն չունենալով՝ շարունակել վարչապետի անձի շուրջ կառուցել իրեն ռազմավարությունը։
Քաղաքագետը նաեւ շեշտում է՝ երբ խորհրդարանը լեգիտիմ է, արտախորհրդարանական ուժերի եւ նրանց պայքարի վրա շատ ուշադրություն չեն դարձնում։





























