Վաշինգթոնն ապատեղեկացնում է Անկարային՝ պնդելով, թե զենք չի մատակարարում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սիրիայում շարունակվում են զենքի մատակարարումները։ Ո՞վ է դրանք ուղարկում։ Մեր ռազմավարական գործընկերը։ Նրանք (ԱՄՆ) ասում են՝ չէ, չենք ուղարկում։ Բայց մեզ մոտ են հետախուզության տվյալները, կան այդ մատակարարումների նկարները։ ՔԲԿ–ից (Քրդերի բանվորական կուսակցություն, արգելված է Թուրքիայում) բռնագրավված զենքերը դա ապացուցում են։
Մեզ խոստացել էին, որ YPG–ն կքաշվի Եփրատից արեւելք։ Իսկ արդյունքում մենք տեսնում ենք, որ նրանց ուղարկված զենքերով բեռնված բեռնատարների թիվը գերազանցում է 20 հազարը։ Բացի այդ, ԱՄՆ–ն այժմ սկսել է 30 հազար ահաբեկիչների վերապատրաստումը»,–ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ չնայած թուրք–ամերիկյան բոլոր պայմանավորվածություններին ԱՄՆ–ն չի կատարում իր խոստումները Մանբիջի հարցով ճանապարհային քարտեզի իրականացման մասով։





























