Բացօթյա առեւտուրը Երեւանը վերածել էր արաբական շուկայի, հիմա աստիճանաբար ձերբազատվում ենք դրանից; Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր՝ փետրվարի 21-ին նման հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց Երեւանի քաղաքապետին՝ բացօթյա առեւտուրը վերացնելու ջանքերի համար։

Այդուհանդերձ, Ա. Պողոսյանը նկատեց, որ նման քայլերը պետք է անել համալիր՝ զուգահեռաբար բացօթյա առեւտրականներին առաջարկելով առեւտրի այլ վայրեր։ Նրա կարծիքով՝ քաղաքապետարանի կողմից առաջարկված 3000 տեղը բավարար չէ բոլորին տեղավորելու համար, իսկ շուկաներում վարձավճարը բարձր է։

Ա. Պողոսյանի այս հայտարարությունների կապակցությամբ պարզաբանումներ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության մասնագետ Հովհաննես Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ Երեւանի շուկաները ծանրաբեռնված են մոտ 10 տոկոսով, ուստի բոլոր ցանկացողները կարող են դրանցում վարձավճարով տեղեր ստանալ; Սակայն այդ շուկաները մասնավոր կառույցներ են, ուստի քաղաքապետարանը չի կարող նրանց ստիպել սահմանել այս կամ այն վարձավճարը։ Քաղաքապետարանը, ըստ Ղալեչյանի, այդ հարցը այլ կերպ է կարգավորում։ Քաղաքապետարանի միջոցներով կառուցվում են հատուկ տաղավարներ, որոնցում սահմանվելու են ցածր վարձավճարներ; Դա էլ, ըստ պաշտոնյայի, կստիպի փակ շուկաներին՝ առեւտրականների համար ավելի մատչելի սակագներ սահմանել։