Ադրբեջանն իր բոլոր պատմաբանների ուժերը այն աստիճան է համախմբել, որ Հայաստանի պատմության մեջ չկա այնպիսի իրադարձություն, որը նրանց կողմից խեղաթյուրված չլինի։ Փետրվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանն ու հավելել. «Ադրբեջանցիները պատրաստ են խեղաթյուրել պատմական բոլոր փաստերը, միայն թե հասնեն Ղարաբաղը վերադարձնելու նպատակին»:

Նրա խոսքով, հայկական կողմը մեծամասամբ չի պատասխանում պատմության խեղաթյուրման՝ հիմարության հասնող դեպքերին, սակայն  երբ հիմարությունը կրկնվում է հարյուր անգամ, իսկ մյուս կողմը լռություն է պահպանում, համաշխարհային հանրությունը խեղաթյուրումները կարող է իրականության տեղ ընդունել։

Ընդ որում, պատմաբանի գնահատականով, Հայաստանի կողմից իրականացվող քարոզչությունն ամենաբարձր մակարդակի վրա չէ. «Այո, որոշ աշխատանքներ տարվում են, սակայն դա քիչ է, անհրաժեշտ է պետության աջակցությունը»։

Պատմաբանի խոսքով, բացի պետությունից, այս գործում կարող է օգնել նաեւ սփյուռքը, սակայն այդ գործընթացը պետք է համակարգել, ինչն էլ կարող է անել Սփյուռքի նախարարությունը։