Լիբիայի մայրաքաղաք Տրիպլիում այրվում է երկրի կառավարության շենքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը, որի թղթակիցը հայտնում է, որ հրշեջները փորձում են հանգցնել կրակը: Հրդեհի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են 42 տարի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի հրաժարականը:

Ցուցարարների եւ ոստիկանության ու բանակի միջեւ բախումների հետեւանքով, իրավապաշտպանների ներկայացմամբ, սպանվել է 230 մարդ: Իշխանությունները հայտարարում են 84 զոհի մասին:

Նշենք, որ փետրվարի 21-ի գիշերը նախագահ Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Քադաֆին հայտարարել է, որ ընդդիմադիր շարժումը սպառնում է երկրի միասնականությանը: Նա նաեւ հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը, թե Մուամար Քադաֆին երկրից փախել է Լատինական Ամերիկա: Նա նաեւ հայտարարել է, որ իշխանությունը կպայքարի մինչեւ վերջին փամփուշտը: