Իշխող ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը չի բացառում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն հուշագիր ստորագրած երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հանդես գան միասնական ցուցակով: Այսօր` փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակ Զաքարյանը միաժամանակ նշեց, որ առայժմ նման քննարկումներ տեղի չեն ունենում:
«Ցուցակները կլինեն միասնական, թե տարբեր, դա ցույց կտա ժամանակն ու իրողությունները` հաշվի առնելով նաեւ ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը: Այս պահին նման խնդիր ուղղակի դրված չէ»,-հայտարարեց Զաքարյանը` հավելելով, որ քաղաքականության մեջ որեւէ բան բացառել չի կարելի:
Ասուլիսին ներկա «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն էլ երեք խորհրդարանական ուժերի` միասնական ցուցակով հանդես գալու հեռանկարը դիտարկեց քաղաքագիտական տեսանկյունից: «Եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չգնան միասնական ցուցակով, ապա նրանց ստորագրած հուշագիրը ֆիկցիա է, որովհետեւ այնտեղ գրված է, որ իրենք քաղաքական պայքարի համամասնությունն ավելացնելու որեւէ սկզբունք չեն դնում: Եթե համամասնությունը չեն ավելացնելու, այդ դեպքում ի՞նչ է նշանակում քաղաքական պայքար: Եթե մարդիկ իրար դեմ չեն պայքարելու, ապա, տրամաբանական է, որ գնալու են միասնական ցուցակով»,-նկատեց Կարապետյանը:
Նշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ կոալիցիան խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով հանդես գա:





























