Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հետ՝ հետաքրքրվելով ստեղծված իրավիճակով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի վարչապետը հարցրել է Քադաֆիին. «Ի՞նչ է պատահել, այդտեղ խա՞ռն է»։  

«Ոչ մի լուրջ բան չկա։ Որոշ ընդդիմադիր խմբեր կան, բայց ժողովուրդն իմ կողմն է»,-ասել է Լիբիայի ղեկավարը։

Էրդողանը նշել է, թե թուրքական օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել, որոնք ժամանել են Թուրքիայի քաղաքացիներին Լիբիայից հայրենիք վերադարձնելու համար: Ի պատասխան Քադաֆին խոստացել է, որ թուրքական օդանավերն առանց խնդրի կարող են տեղափոխել Թուրքիայի քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են 42 տարի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի հրաժարականը:

Ցուցարարների եւ ոստիկանության ու բանակի միջեւ բախումների հետեւանքով, իրավապաշտպանների ներկայացմամբ, սպանվել է 230 մարդ: Իշխանությունները հայտարարում են 84 զոհի մասին:

Փետրվարի 21-ի գիշերը նախագահ Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Քադաֆին հայտարարել է, որ ընդդիմադիր շարժումը սպառնում է երկրի միասնականությանը: Նա նաեւ հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը, թե Մուամար Քադաֆին երկրից փախել է Լատինական Ամերիկա: Նա նաեւ հայտարարել է, որ իշխանությունը կպայքարի մինչեւ վերջին փամփուշտը: