Աշխարհում տեղի ունեցող հեղափոխական զարգացումները կարող են հասնել նաեւ Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 21-ին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը` հավելելով, թե կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե ինչպես կարող են իշխանությունն առանց արյուն թափելու հանձնել այլ քաղաքական ուժերի:
ՆԺԿ առաջնորդը շեշտեց, թե երկրում անկայուն իրավիճակ ստեղծելուն կարող են նպաստել թե Հայաստանում, եւ թե արտաքին աշխարհում ընթացող գործընթացները: «Հայաստանում հեղափոխական տրամադրությունները կսաստկանան արդեն մարտ ամսին: Ցասումը լինելու է: Միակ հարցն այն է՝ անարյո՞ւն կլինի, թե՞ ոչ»,- կանխատեսեց Կարապետյանը:
Ասուլիսին ներկա Արտակ Զաքարյանն էլ հայտարարեց, թե, ընդհակառակը, Արեւելքում տեղի ունեցող հեղափոխությունները Հայաստան չեն հասնի:
Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք հույս ունեն երկրում առկա դժգոհություններն օգտագործելով` հասնել իշխանության, սակայն նրանց հույսերը չեն արդարանա:
Նա ակնարկեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով եւս կանխատեսել էր, թե Արեւելքում ծավալվող հեղափոխական ալիքը շուտով կհասնի նաեւ Հայաստան եւ որ Սերժ Սարգսյանի «մուբարաքացումը» ժամանակի հարց է: «Ես կարծում էի, թե այդ մարդը արեւելագետ է, սակայն նրա հայտարարությունը ցույց տվեց, որ նա Արեւելքից ընդհանրապես բան չի հասկանում»,-հեգնեց Զաքարյանը: Սրան անմիջապես արձագանքեց Արամ Կարապետյանը` առաջարկելով ՀՀԿ-ականին թվել այն չորս քաղաքական ընդդիմադիր ուժերին, որոնք առաջնորդում էին Եգիպտոսում ընթացող հակակառավարական ակցիաները: «Այդ դեպքում ես կհավատամ, որ դուք իսկապես հասկանում եք Արեւելքից»,-նկատեց Կարապետյանը:
Արտակ Զաքարյանը, սակայն, կարողացավ նշել միայն Ալ Բարադեյին, սակայն չկարողացավ հիշել, թե ի պաշտոնե ով էր նա: ՀՀԿ-ական պատգամավորը բավարարվեց միայն նշելով, թե. «Պետք է կարողանանք հեռու մնալ արյունալի իրադարձություններից: Եթե հրահրողներ չլինեն, ինչպես նախկինում դա տեղի ունեցավ` մարտի 1-ի դեպքերի ժամանակ, առաջիկայում հնարավոր կլինի խուսափել արյունալի իրադարձություններից»,- ասաց նա:




























