Ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջեւանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը՝ Նախիջեւանի կողմից ադրբեջանական դիրքերն առաջ բերելու վերաբերյալ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ ինֆորմացիոն ֆոնը հագեցած էր, եւ ցանկություն կա անդրադառնալ մի քանի խնդիրների, բայց կանգ առնեմ մեկի վրա, որտեղ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջեւանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։

Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարերեց, որ դիրքային բոլոր տեղաշարժերի 95% տեղի է ունեցալ փետրվար-մարտ ամիսներին (այսինքն իրենից առաջ) եւ տեղաշարժերը կրել են երկուստեք բնույթ, եւ մենք էլ որեւէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Սա իրականության կամայական մեկնաբանության արդյունք է, մի քանի կետերով։

ա) իրականությունը այն է, որ խնդրո առարկա Զանգակատուն-Արենի հատվածում, մինչեւ դիրքային տեղաշարժերը, հակառակորդի եւ մեր միջեւ միջդիրքային տարածությունը տարբեր հատվածներում կազմել է 3-4 կիլոմետր, հիմա կազմում է 1 կիլոմետրից պակաս, եւ առաջ է եկել հիմնականում հակառակորդը մեծ ճակատով, մենք 1-2 դիրք ենք միայն առաջ տարել, որոնք սկզբունքային պատկեր չեն փոխել։

բ) դիրքային տեղաշարժը սկսվել է փետրվար-մարտ ամիսներին, սակայն շարունակվել է հետագա ամիսներին, այս ընթացքում հակառակորդը ամրապնդվել է նոր դիրքերում, նոր ճանապարհային եւ պաշտպանական ենթակառուցվածքներ է ստեղծել, մեր որոշ (ոչ բոլոր) դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք է կարողացել ձեւավորել։ Մինչեւ Դուշանբեի պայմանավորվածությունը, մեր բանակը ակտիվ հակազդել է հակառակորդին, որը զգալի կորուստներ է տվել, բայց դրանից հետո հակազդեցությունը թուլացել է, եւ հակառակորդը կարողացել է ամրապնդվել նոր բնագծում։

Գ) այս տեղաշարժի արդյունքում Զանգակատուն եւ Արենի գյուղերի հատվածում հակառակորդը կարողացել է ընդհուպ մոտենալ մեր հիմնական ռազմավարական ճանապարհին, եւ նաեւ այս երկու բնակավայրերի գյուղատնտեսական տարածքների մի մասին, որոնց մշակումը հիմա վտանգավոր է դարձել։ Զանգակատան դեպքում կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել փոխհատուցել կրած կորուստները, դա եւս մեկ անգամ վկայում է, որ դրանք իրական են։

Մենք նախկինում անդրադարձել ենք այս խնդրին, եւ ես այն նորից չէի բացի, եթե երկրի արդեն փաստացի ընտրված ղեկավարը չշարունակեր համառորեն խուսափել պատասխանատվությունից եղածի համար։ Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում՝ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (եւ նաեւ իրականացնելու), պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, եւ խուսափել որեւէ գործողությունից։ Եթե նույնիսկ նախորդներն են մեղավոր կոնկրետ այս խնդրի համար, դա չի վերացնում ներկա իշխանության պատասխանատվությունը՝ լուծել այն, չէ որ այն եկել է իշխանության՝ նախորդների ստեղծած խնդիրները լուծելու գրանդիոզ խոստումով, բայց հիմա բախվելով դրանց, փորձում է պարբերաբալ խուսափել պատասխանատվությունից։

Ես համոզված եմ, որ մեր բանակը գիտի, թե ինչ է պետք անել, նախկինում նույն սահմանի հարավային հատվածում այն այդպիսի նախաձեռնող գործողություն իրականացրել է, եւ հիմա էլ կարող է հակառակորդին հետ շպրտել նրա ձեռք բերած ռազմավարական բնագծից։ Դա սակայն պահանջելու է խիզախ քաղաքական որոշում՝ ներկայիս խեղաթյուրումների եւ արդարացումների փոխարեն, եւ ես կուզենայի դեռ տեսնել այդպիսի վճռականություն՝ արտաքին ճակատում։

Հ․Գ․ Թերահավատների համար կցում եմ Արմեն Մինասյանի նախկինում արած տեսագրությունը, որը հստակ ներկայացնում է, թե Արենի մոտ դիրքային փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունեցել։